Թաթարստանում հինգշաբթի բացվել է հանրապետությունում առաջին համալիրը կենդանիների զոհաբերությունների համար: «Այս նախագիծն անհրաժեշտ է մահմեդականներին, որպեսզի զոհաբերություններ կատարվեն իսլամի բոլոր կանոնների համաձայն՝ հետեւելով արդի բոլոր պահանջներին եւ սանիտարական կարգերին: Հույս ունենք, որ նման համալիրները ժամանակի ընթացքում կհայտնվեն հանրապետության ամբողջ տարածքում»,-բացման ժամանակ նշել է Թաթարստանի հոգեւոր առաջնորդ Քամիլ Սամիգուլինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թաթարստանի մահմեդականների Հոգեւոր կառավարման մամուլի քարտուղար Ահմադ Խալիկովը հաղորդել է, որ համալիրը նախատեսված է Կազանի մահմեդականների համար: Մինչ այժմ նրանք ստիպված էին ոչխարներին զոհաբերել հրապարակներում կամ քաղաքային մզկիթներում, որտեղ բարդություններ են ծագում՝ կապված սանիտարական նորմերին հետեւելու եւ մնացորդները հեռացնելու հետ: Համալիրում հավատացյալները կարող են օրվա ընթացքում մինչեւ 1000 զոհաբերություն իրականացնել: