«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չէ: NEWS.am-ի հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը հայտնեց, որ Աշոտ Սուքիասյանն ուրիշ կալանավայրում է:
Թե որտեղ է այժմ գտնվում Աշոտ Սուքիասյանը, փաստաբանը չհայտնեց՝ նշելով, որ իր պաշտպանյալը չի ցանկանում, որ այդ մասին իմանան:
Անդրադառնալով գործին՝ Յուրիկ Խաչատրյանը հայտնեց, որ հնարավոր է՝ նախաքննությունը մինչեւ տարվա վերջ ձգձգվի:
«Այս ընթացքում էլ ամենայն հավանականությամբ Աշոտ Սուքիասյանի կալանավորման ժամկետը կերկարացնեն: Բացի դրանից՝ քննչական գործողություններ կան, որ դեռ չեն արվել, խոսքը փորձաքննությունների մասին է: Մանրամասներ հայտնել չեմ կարող»,- ավելացրեց փաստաբանը:
Ինչ վերաբերվում է Փայլակ Հայրապետյանի եւ Աշոտ Սուքիասյանի միջեւ առերեսմանը, ապա փաստաբանի կարծիքով՝ շուտով նորից կնշանակվի առերեսում կատարելու գործողություն, եթե իհարկե, Փայլակ Հայրապետյանը համաձայնվի:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո: Առ այսօր գործարարը ցուցմունք է տալիս:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկ»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:


























