Իտալացի ինժեներները Փարիզի ավտոսրահում կներկայացնեն բաց թափքով Ferrari 458-ի ամենահզոր տարբերակը: Նորույթը կոչվել է Speciale A, դրանից ընդամենը 499 օրինակ կարտադրվի:

«А»-ն իտալերեն Aperto բառից է, որ նշանակում է «բաց»: Բացովի ծածկի մեխանիզմը փոփոխության է ենթարկվել. Ալյումինե ծածկն ընդամենը  50 կգ է ավելացնում ընդհանուր քաշին, իսկ բացման-փակման գործընթացը տեւում է 14 վայրկյան: Ferrari 548 Speciale A-ի ընդհանուր զանգվածը 1340 կգ է, փոխանցում է Vesti.ru-ն:

Ռոդսթերը շարժման մեջ է դնում 4,5 լիտր ծավալով մթնոլորտային շարժիչը՝ 605 ձիաուժ հզորությամբ: Պտուտաչափի կարմիր գոտին սկսվում է 9 հազար պտույտից: Մոդելը առաջին հարյուր կմ/ժամը հավաքում է 3,0 վայրկյանում, եւս 6,4 վայրկյանից արագաչափի սլաքը հաղթահարում է 200 կմ/ժ-ի ցուցանիշը: Առավելագույն արագությունն է 325 կմ/ժ:

Ferrari-ում պնդում են, որ սա «ամենաաերոդինամիկ» ռոդսթերն է: Դրան առանձնահատկություն է հաղորդում նաեւ թափքի երանգը եւ սրահի ձեւը: Մեքենան կներկայացվի Փարիզի ավտոսրահի առաջին օրը՝ հոկտեմբերի 2-ին: