«Ամերիկյան գրադարանների ընկերակցությունը» (ALA - American Library Association) գնահատել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը՝ ներառելով արգելված գրականության ցուցակում: Հիշեցնենք, որ վեպն արգելված է նաեւ գրողի հայրենիքում՝ Ադրբեջանում՝ գրքում արտացոլված հայերի նկատմամբ համակրանքի պատճառով:
Սեպտեմբերի 21-27-ը Ամերկայում «Արգելված գրքերի շաբաթ» միջոցառման ընթացքում հրապարակվել են գրքերի ցուցակներ, որոնք հասարակության շրջանում տարատեսակ վեճերի առիթ են դարձել, եւ գրքեր, որոնք արգելված են տարբեր երկրներում: Այդ գրքերի ցուցակում է հայտնվել «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում տպագրված Աքրան Այլիսլիի «Քարե երազներ» վեպը:
Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլիի վեպը միանշանակ չի ընդունվել ադրբեջանական հասարակության կողմից, եւ վեպի տպագրությունն Ադրբեջանում արգելված է: Գրողը ենթարկվել է հետապնդումների, զրկվել կոչումներից:
Ա. Այլիսլին այս տարի գրականության ոլորտի Նոբելյան մրցանակի թեկնածու է, իսկ մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին:



























