Այսօր` հունիսի 23-ին Ջերմուկում ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել է ՖԻԴԵ-ի` կանանց Grand Prix շարքի չորրորդ մրցաշարը: ՖԻԴԵ-ի նախագահ Կ. Իլյումժինովն իր խոսքում նշել է, որ այդ մրցաշարը կարելի է համարել աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն, քանի որ մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիները, այդ թվում` աշխարհի երեք չեմպիոնուհիներ: Նրա խոսքով, Ջերմուկը դարձել է շախմատային գլխավոր կենտրոններից մեկը, որտեղ արդեն 2-րդ անգամ է նման մրցաշար անցկացվում:
Նշենք, որ այս մրցաշարը աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների ընտրական շրջափուլի մաս է: Grand Prix FIDE-ի բոլոր վեց մրցաշարերի հաղթողը հաջորդ տարի համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոնի հետ:
Մրցաշարին մասնակցում են 7 երկրների 12 շախմատիստուհիներ, որոնք կմրցեն շրջանաձեւ մրցակարգով:
Մրցաշարին մասնակցում են Հու Իֆանը (Չինաստան, 2589), Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա, 2560), Պիա Կրամլինգը (Շվեդիա, 2536), Տատյանա Կոսինցեւան (Ռուսաստան, 2534), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան, 2514), Սյու Յուհուան (Չինաստան, 2484), Նանա Ձագնիձեն (Վրաստան, 2478), Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան, 2477), Էլինա Դանիելյանը (Հայաստան, 2473), Շեն Յանը (Չինաստան, 2452), Բաիրա Կովանովան (Ռուսաստան, 2366) եւ Մարտա Ֆյերոն (Էկվադոր, 2363).
Առաջին տուրը տեղի կունենա վաղը` հունիսի 24-ին:




























