Թուրքիայի Բաթման նահանգի Սասունի շրջանից Սիրիա մեկնած Սասուն մականունով 19-ամյա քուրդ աղջիկը իսլամիստների կողմից շրջափակման մեջ հայտնվելուց հետո ինքնասպան է եղել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայում PKK-ի թեւ համարվող YPG-ին մոտ կանգնած կայքերը գրել են, թե Սիրիա ներխուժած իսլամիստ-ահաբեկիչների դեմ կռվելու համար Թուրքիայից Սիրիա մեկնած 19-ամյա Ջեյլան Օզալփը Կոբանիի պաշտպանության ժամանակ ինքնասպան է եղել:

Նշվել է, թե իսլամիստների կողմից շրջափակման մեջ հայտնվելուց հետո քուրդ աղջիկը կապնվել է հրամանատարության հետ՝ շեշտելով, որ գերի չընկնելու եւ բռնաբարության զոհ չդառնալու համար ինքնասպան է լինում:

«Սասուն» մականունով Ջեյլան Օզալփը նախորդ ամիս ընդարձակ հարցազրույց էր տվել BBC-ին: