Հայաստանի խորհրդարանը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծերը, որոնք նախատեսում են օտարալեզու դպրոցների բացում:
«Կողմ» են քվեարկել 71 պատգամավորներ, «դեմ»՝ 12-ը: 3 պատգամավոր ձեռնպահ են քվեարկել: Հիմնականում դեմ են քվեարկել «Ժառանգություն» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները:
Քվեարկությանը զուգահեռ փողոցում բողոքի գործողություն էր ընթանում: Հավաքվածները ամոթ էին բղավում 71 դավաճաններին, սուլում, աղմուկ հանում, երբ փողոցում հայտնվում էին կառավարող կուսակցությունների ներկայացուցիչները:
Նշենք, որ օրինագծերը հանում են 90-ականների սկզբին մտցված արգելքը, որով Հայաստանում արգելվում էր բացել օտար լեզվով դասավանդմամբ դպրոցներ: Քվեարկություններից հետո Հայաստանում բացվելու են 11 օտարալեզու դպրոցներ: Դրանցից երկուսը կլինեն մասնավոր՝ Դիլիջանում եւ Ջերմուկում, 9-ը՝ միջպետական համաձայնագրերի հիման վրա:
Ակնկալվում է, որ դրանց մեծամասնությունը կլինեն ռուսերեն լեզվով: Առ այսօր Հայաստանը միակն էր ԱՊՀ-ում, որտեղ, ըստ երեւույթին գիտակցելով մեր ազգի օտարամոլությունը, օրենսդրորեն արգելվում էր օտարալեզու դպրոցների գոյությունը:
Նոր դպրոցներում հայոց լեզուն եւ գրականությունը, նաեւ հայ ժողովրդի պատմությունը դասավանդվելու են նույն ծավալով, ինչ ազգային դպրոցներում: Սակայն սա փրկություն չէ, քանի որ խորհրդային տարիներին եւս ռուսական դպրոցներում դասավանդվում էր հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմություն, բայց... ձեւականորեն, միայն թղթի վրա, իսկ իրականում այդ առարկաների դասավանդման մակարդակը խայտառակ վիճակում էր, առարկաները ներքին կարգով համարվում էին երկրորդական եւ արհամարվում։ Իսկ ռուսալեզու դպրոցների սովորողների 99,9 տոկոսը ազգությամբ հայեր էին։




























