Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե հայ-թուրքական երկխոսության շարունակումը կախված է Երեւանի դիրքորոշումից, ապացուցում է, որ նա  չի կողմնորոշվում տարածության մեջ եւ ԵԽԽՎ-ն համարում է թուրքական խորհրդարան կամ օսմանյան սուլթանի արքունիք, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա ավելորդ չհամարեց հիշեցնել Չավուշօղլուին, որ ժամանակին ողջ աշխարհը ողջունում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ եւ Երեւանի քայլերը: «Չավուշօղլուի նման հայտարարությունը վկայում է ոչ միայն նրա քաղաքական կուրության, այլեւ խլության մասին»,- նկատել է Շարմազանովը:

Նշենք, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում Չավուօղլուն հայտարարել էր, թե հայ-թուրքական երկխոսության շարունակումը կախված է Երեւանի դիրքորոշումից: «Ամեն ինչ կախված է Հայաստանից: Եթե նա հրաժարվի նախապայմաններից, ամեն ինչ հնարավոր է: Ոչ միայն ես, այլեւ միջազգային հանրությունը կարծում է, որ քանի դեռ Հայաստանը չի ազատել օկուպացված տարածքները, տարածաշրջանում առաջընթաց հնարավոր չէ»,- ասել էր նա: