Հայաստանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այդ մասին հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հնարավորությունը: «Սակայն ես չեմ պաշտպանում այն ասեկոսները, թե պատերազմ է սկսվելու»,- նշել է Բաղդասարյանը եւ հավելել, թե Հայաստանի զինված ուժերը գտնվում են մարտունակ վիճակում:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի սադրանքին, որին զոհ գնացին 4 հայ զինվորներ՝ ԱԱԽ քարտուղարը նշել է. «Մենք լրջորեն դատապարտում ենք այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 18-ին Ադրբեջանի եւ Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում»:

Ըստ Բաղդասարյանի, սակայն, որեւէ անհրաժեշտություն չկա հրաժարվել բանակցային գործընթացից: «Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին եւ չպետք է թույլ տանք նման սադրանքներ»:

Ըստ ԱԱԽ քարտուղարի՝ Հայաստանի գործողությունները միտված են 3 գործոնի ապահովման՝

ա) ԼՂ կարգավիճակի ճշտում. կա՛մ անկախություն, կա՛մ Հայաստանի կազմում,

բ) միջնորդավորված կապի բացառում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ,

գ) անվտանգության երաշխիքների ապահովում: