Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում օգնություն է ցուցաբերելու Ղըրղզստանին: Այդ մասին հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ քարտուղարը նշել է, թե ՀԱՊԿ անդամ-երկրների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ օրերս հավաքվել էին Մոսկվայում եւ 9 կետից բաղկացած որոշում են ընդունել, որը հաստատել են նաեւ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարները: «Հայաստանը հավատարիմ է դրա ոգուն եւ իր աջակցությունը կցուցաբերի»,- ասել է Բաղդասարյանը՝ նշելով, որ առաջիկայում հանրությունը կտեղեկացվի օգնության մասին։
«ՀԱՊԿ մի շարք անդամներ արդեն օգնություն ուղարկել են: Ներկայումս ուսումնասիրություններ են կատարվում՝ ճշտելու, թե ինչ կարգով օգնենք Ղըրղզստանին»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:
Նշենք, որ Ղըրղզստանի հարավում հունիսի 11-ից զանգվածային անկարգություններ էին սկսվել, որոնց, պաշտոնական տվյալներով, զոհ են գնացել մոտ 260 հոգի: Մոտ 100 հազար մարդ, հիմնականում ուզբեկներ, փախել էին Ղըրղզստանից եւ ապաստան գտել հարեւան Ուզբեկստանում:




























