Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կարծում է, որ ներկայումս ֆուտբոլը զարգանում է Հարավային Ամերիկայում, իսկ Եվրոպայում մեռնում է: Նա եկել է նման եզրահանգման՝ վերլուծելով ՀԱՀ-ում աշխարհի առաջնության խմբային մրցաշարի խաղերի արդյունքները եւ նշելով ամերիկյան հավաքականների հաջող ելույթները:

«1/8-րդ են մտել Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի բոլոր թիմերը՝ Ուրուգվայը, Մեքսիկան, Արգենտինան, Պարագվայը, Բրազիլիան եւ ԱՄՆ-ը: Իսկ ովքե՞ր են Եվրոպայում: Անգլիացիները, որոնց վրա ցավալի է նայել»,- ասել է նա, հաղորդում է Lenta.ru-ն:

Մարադոնան աշխարհի առաջնության կատարյալ եզրափակիչ է համարում իր թիմի եւ Բրազիլիայի հանդիպումը, ինչը կդառնա հարավամերիկյան ֆուտբոլի տրիումֆը:

Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականը B խմբում զբաղեցրել է առաջին տեղը՝ հաղթելով երեք խաղերն էլ: