Այսօր` հունիսի 26-ին մեկնարկում է աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչը: Սկսվում է ամենահետաքրքիրը, օլիմպիական մրցակարգ, պարտվողը դուրս է մնում պայքարից:
Փլեյ-օֆֆը կբացեն Ուրուգվայի եւ Հարավային Կորեայի հավաքականները: Ուրուգվայցիները А խմբում առաջինն էին, իսկ Հարավային Կորեան В խմբում գրավեց երկրորդ տեղը: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի ԱՄՆ – Գանա զույգի ուժեղագույնի հետ:
Ուրուգվայցիները մրցաշարից առաջ առանց հումորի հայտարարեցին, որ այս տարի ի վիճակի են պայքարել աշխարհի գավաթի համար: Հաշվի առնելով մրցաշարային ցանցը` ուրուգվայցիները միայն կիսաեզրափակիչում կարող են հանդիպել Բրազիլիային կամ Հոլանդիային: Այնպես որ ուրուգվայցիների շանսերը բարձր են:
Խմբային փուլում Ուրուգվայի հավաքականը ոչ ոքի` 0:0 խաղաց Ֆրանսիայի հետ, այնուհետեւ 3:0 հաշվով հաղթեց ՀԱՀ-ին եւ 1:0 հաշվով Մեքսիկային:
Հարավկորեացիները երկու գնդակ ուղարկեցին Հունաստանի դարպասը, 1:4 հաշվով պարտվեցին Արգնետինային եւ ոչ ոքի խաղացին Նիգերիայի հետ:
Աշխարհի առաջնություններում Ուրուգվայն ու Հարավային Կորեան մեկ անգամ են հանդիպել: 1990թ. Իտալիայում 1:0 հաշվով հաղթանակ տարան ուրուգվայցիները:
Բուքմեյքերների կանխատեսումը.Ուրուգվայի հաղթանակ` 1.82, ոչ ոքի` 3.25, Հարավային Կորեայի հաղթանակ` 4.50



























