Ադրբեջանի Միլլի մեջլիսը բողոքի նամակ է հղել Սլովակիայի Ազգային խորհրդին՝ դժգոհելով Սլովակիայի ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի Արցախ դիտորդական առաքելության դեմ:
Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի մամուլի քարտուղարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նամակն ուղղված է Սլովակիայի ԱԽ-ի նախագահ Պավոլ Պաշկային եւ ստորագրված է Ադրբեջանի խորհրդարանի 12 քաղաքական կուսակցությունների կողմից: Նամակում խիստ բողոք է հայտնված առանց Ադրբեջանի համաձայնության «այդ երկրի տարածք հանդիսացող եւ միջազգային ճանաչում չունեցող Արցախյան Հանրապետություն» մուտք գործելու ու ԼՂՀ-ի ընտրություններին մասնակցելու դեմ:
Սլովակիայի Ազգային խորհուրդն անպատասխան է թողել նամակը, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր, թե Ֆրանտիշեկ Միկլոշկոն ազատ է դիտորդական առաքելություններին մասնակցելու իր ընդունած որոշման հարցում, եւ Սլովակիայի ԱԽ-ն հարկ չի համարում այդ հարցի շուրջ որեւէ այլ կարծիք հայտնելու: Ինքը` Ֆրանտիշեկ Միկլոշկոն հայտնել է, թե ի պատասխան այդ բողոքների՝ ինքը պատրաստվում է Եվրոպայում առավել ակտիվ ներկայացնելու Արցախի Հանրապետության անցյալը եւ ներկան: Նա արդեն մեծաքանակ արձագանքներ է ստացել «Տիժդեն» շաբաթաթերթում իր հրապարակած «Ավետյաց Երկիր» հոդվածի շուրջ: Ընթերցողները, որոնց թվում կան հայտնի քաղաքական գործիչներ, շատ զարմացած են, որ մինչ այսօր ծանոթ չեն եղել Արցախի հիմնախնդրին, նրա ներկային եւ առավել եւս նրա հնարավոր ապագային: Պարոն Միկլոշկոն ստացել է բազմաթիվ դիմում-խնդրանքներ՝ այդ հարցերն առավել լայն ներկայացնելու եւ մեկնաբանելու, ինչը եւ նա պատրաստվում է կատարել մոտակա ամիսներին:


























