Գագիկ Ծառուկյանի ելույթը ծրագրային էր, իսկ ժողովրդի մասնակցության դինամիկան բավականին աճեց եւ աճելու է ապագայում: Այս մասին, եռյակի հանրահավաքից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Դիտարկմանը, թե սպասվող իշխանափոխության պահանջը չհնչեց Ծառուկյանի խոսքում, ժողովրդի սպասելիքները չիրականացան, Մարգարյանն ասել է. «Ընդհակառակը ժողովրդի մասնակցության դինամիկան բավականին աճեց եւ աճելու է ապագայում»:

Հարցին` արդյոք հարթակից հնարավոր նստացույցի մասին հիշատակելը խայծ չէ՞ր, որ հաջորդ հանրահավաքին ավելի մեծ մասնակցություն լինի, Մարգարյանը պատասխանել է. «Ոչ, ոչ ոչ, նստացույցի մասին խոսելու իմաստն այն էր, որ մինչեւ այդ հարթակին էլ էին մոտենում, ասում էին` նստացույց անենք, բայց մենք այդպիսի բան չէինք պլանավորել: Գտնում ենք, որ եթե մենք շարժմանը քայլեր ենք առաջարկում` մտածում քննարկում ենք, դա այնպես չէ, որ հարթակում մոտենում ասում են, ու մենք անում ենք, սրա մասին էր խոսքը: Մենք կպլանավորենք դա, եթե զգանք, որ անհրաժեշտ է, եթե անում ես նստացույց, դա պիտի լինի պլանավորած եւ հաջորդիվ»:

Անդրադառնալով շարժման մասնակից ազատամարտիկների ու քաղաքական գործիչների իշխանափոխության մոտեցումների տարբերությանը, խոսքից գործի անցնելու ակնարկներին, Ստեփան Մարգարյանը նշել է. «Հարաբերական է` ինչն է գործը, մենք գործ ենք անում, արդյունքներ ենք գրանցել, որը չեք ուզում տեսնել երեւի: Անընդհատ արդյունքներ ենք գրանցել, օրինակ, սահմանադրության հետաձգումը: Դա պիտի ստորագրեր նախագահն ու ներկայացներ, բայց իր կողմից չի ներկայացվել, հենց հոկտեմբերի 10-ի հանրահավաքի արդյունքն էր դա»:

Դիտարկմանը, որ գուցե այս «արդյունքի» հետ կապված Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը ինչ-որ բա՞ն են պայմանավորվել, նա արձագանքելն է. «Ճիշտն ասած այդ դեպքում մեկը պետք է ներկա լիներ` պատմեր, Ծառուկյանը չի պատմել նման բան»: