Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը չի քննարկում Ղրիմի տարածք ուղիղ չվերթների հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՔԱԳՎ պետ Ռուբեն Գրդզելյանը: «Նման հարց վարչության օրակարգում չի եղել ու չկա»,- հայտարարեց նա:

Նշենք, որ Երեւանի ու Սիմֆերոպոլի միջեւ օդային հաղորդակցության իրականացման հավակնություն ունի «Գրոզնի Ավիա» ընկերությունը: Այն արդեն սպասարկում է առաջին միջազգային օդային հաղորդակցությունը Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո՝ Սիմֆերոպոլից Ստամբուլ:

Հավելենք, որ «Գրոզնի Ավիան» Ստամբուլ է մեկնում Անապայում վայրէջք կատարելով, հենց այս քաղաքն է Ստամբուլում գրանցվում որպես մեկնման կետ: Դեռ պարզ չէ, կկիրառի ընկերությունը նման հնարք նաեւ Երեւանի հետ, որպեսզի խուսափի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ խնդիրներից. Կազմակերպությունը գաղտնագրեր չի տրամադրում օդանավակայաններին միջազգայնորեն չճանաչված տարածքներում: