2014թ.-ին ամերիկյան «Kirk Kara» ընկերությունը յոթերորդ անգամն անընդմեջ «JCK» ոսկերչական պարբերականի հեղինակավոր մրցանակին է արժանանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության նախագահ նախագահ Գրիգոր Կարագյոզյանը, ով մասնակցում է «Yerevan Show 2014» ցուցահանդեսին, որը կազմակերպել է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը(AJA):
ԱՄՆ-ում տարեց տարի մոտ 25 հազար ոսկերչական խանութներ ընկերությունը լավագույնն են ճանաչում «Դիզայն հարսնացուի համար» անվանակարգում: Ընկերության ստենդի վրա Կարագյոզյանն ամրացրել է մատանիների նկարները հինգերորդ հաղթանակից հետո՝ ներսի կողմից «We’re blushing» գրառմամբ(«Մենք շփոթմունքից կարմրում ենք»):
Կարագյոզյանը երրորդ սերնդի ոսկերիչ է: Ծնվել է 1950թ.-ին Լիբանանում, որտեղ նրա հոր ընտանիքը գաղթել է 1915թ.-ից հետո: Ինքը Կարագյոզյանը ստիպված է եղել լքել հայրենի Լիբանանը 80-ականների սկզբին, քաղաքացիական պատերազմի տարիներին: Տեղափոխվել է ԱՄՆ: Այժմ նրա զարդերը վաճառվում են Ամերիկայի ավելի քան 300 ոսկերչական խանութներում:
Այսօր հոր գործը պատրաստվում են շարունակել երկու աղջիկները՝ Գրեյսը եւ Անջելան: «Այս, կանայք կարող են ոսկերչություն սովորել ոչ պակաս, քան տղամարդիկ: Եթե նրանց հնարավորություն տան՝ նույնիսկ ավելի լավ: Ամերիկայում նրանք ունեն նման հնարավորություն»,- հավելեց ոսկերիչը:
Կարագյոզյանը, ով գլխավորում է «AJA»-ի բաժանմունքն ԱՄՆ-ի արեւմտյան հատվածում, բարձր է գնահատել Երեւանում ոսկերչության համար ազատ տնտեսական գոտու՝ «Մերիդիանի» ստեղծումը, որը կառավարում է «AJA»-ի հետ փոխկապակցված «AJA ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: «Ազատ գոտին փայլուն գաղափար է Հայաստանի համար, եւ ոսկերչական շատ ընկերություններ են պատրաստ աշխատել այստեղ»,- նշեց նա:




























