Մոսկվայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկը ծեծել է մյուս մեքենայի կին վարորդին: Պարզվել է՝ վերջինը ոստիկանության աշխատակից է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությանը:

Ըստ աղբյուրի, վթարի հետեւանքով ոչ ոք չի տուծել, վնասվել են միայն ավտոմեքենաները:

«Լինելով ալկոհոլի ազդեցության տակ՝ քաղաքացին մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը եւ իր մեքենայի նորոգման համար գումար պահանջել: Ոստիկանության աշխատակցուհու ամուսինը, բացականչություններ լսելով, օգնության է հասել եւ խափանել հարձակվողի գործողությունները: Տղամարդը ոստիկանների է կանչել, ովքեր ձերբակալել են իրավախախտին»,- նշված է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում:

Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Ձերբակալվածը Յարոսլավլի մարզի 34-ամյա բնակիչ է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 162 հոդվածի հատկանիշներով, որով մինչեւ 8 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում: