Իրբիտում (Ռուսաստան) ուսուցչին դատապարտել են՝ գրական վիճաբանության պատճառով իր ընդդիմախոսին սպանելու համար: Այս մասին տեղեկացնում է Direct Press-ը՝ վկայակոչելով Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեին:
Ըստ աղբյուրի, 52-ամյա մեղադրյալը հյուր է գնացել իր 66-ամյա ընկերոջը: Տղամարդիկ ալկոհոլ են խմել եւ զրուցել: Զրույցը գրական թեմայով է եղել, մասնավորապես, խոսք է գնացել գրական ժանրերի նշանակության մասին:
«Տանտերը պնդել է, որ արձակն է իսկական գրականությունը, իսկ նրա հյուրը, ով մանկավարժական կրթություն ունի եւ նախկինում ուսուցիչ է աշխատել, վիճաբանության մեջ գերադասել է պոեզիան»,- քննչական կոմիտեի հաղորդագրությունն է ներկայացնում աղբյուրը:
Որոշ ժամանակ անց գրական վեճը վերաճել է իսկական կոնֆլիկտի, ինչն էլ հանգեցրել է ողբերգության: «Պոեզիայի 52-ամյա սիրահարն իր ընդդիմախոսին սպանել է դանակի օգնությամբ՝ նրան վնասվածք հասցնելով կրծքի շրջանում»,- նշել են քննչական կոմիտեում:
Մարդասպանն 8 տարի կանցկացնի խիստ ռեժիմի կալանավայրում:



























