«Միգրանտ 2014» գործողության շրջանակում Մոսկվայում ավելի քան 14 հազար օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Ըստ աղբյուրի, մոսկովյան ոստիկանությունը հոկտեմբերի 23-ից մինչեւ նոյեմբերի 2-ը «Միգրանտ 2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ գործողություն է իրականացնում:
Անցած 24 ժամվա ընթացքում գործողության ընթացքում ոստիկանությունն ավելի քան 100 հանցագործություն է բացահայտել, այդ թվում՝ գողություն, հարձակում, փաստաթղթերի կեղծում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություն, խարդախություն: Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող տասը ներգաղթյալներ, ինչպես նաեւ 40 խուզարկություն է կատարվել:




























