ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի մուտքն Ուկրաինա արգելված է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկովսկիին:
«Կոբզոնի մուտքն Ուկրաինա արգելված է»,- հայտարարել է Լուբկովսկին: Ուկրաինայի տարածք արգելվում է մտնել նաեւ Ռուսաստանի մի քանի հարյուր քաղաքացիների, այդ թվում՝ մշակույթի ճանաչված գործիչների: Նրանց շարքում է, մասնավորապես, Իվան Օխլոբիստինը:
Գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա օգոստոսին Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն սոցիալական ցանցում գրել էր, որ ՆԳՆ-ն արգելել է ՌԴ մշակութային գործիչների մուտքը երկիր: Նրա խոսքով, գերատեսչությունը շուրջ 500 ռուսաստանցի գործիչների ցանկ է կազմել, ովքեր հավանության են արժանացրել Ղրիմի բռնակցումը եւ Ուկրաինայի բաժանումը, եւ նրանց մուտքը երկիր արգելվելու է:
Հոկտեմբերի 27-ին Կոբզոնը մասնակցելու է Դոնբասում պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանի հիմնմանը:




























