Բելգիայի անվտանգության ու ներքին գործերի նախարար Ժան Ժամբոնն ու փախստականների եւ միգրացիայի հարցերով թագավորության պետքարտուղար Տեո Ֆրանկենը մահվան սպառնալիքով նամակներ են ստացել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Նրանց տվյալներով՝ երկու գերատեսչությունների ղեկավարները նույն նամակն են ստացել: Այնտեղ նշվում է, որ Ժամբոնն ու Ֆրանկենը կսպանվեն, եթե չլքեն երկիրը: Նամակի հեղինակը որոշել է չբացահայտել իր անունը, սակայն նշել է, որ իսլամիստ ծայրահեղական է:

Նամակներն արդեն թագավորության դատախազությունում են: Պետքարտուղարը խնդրել է կառավարությանը հավելյալ պաշտպանությամբ ապահովել իրեն, այն ժամանակ, ՆԳ նախարարը հրաժարվել է սեփական անվտանգության համար որեւէ քայլ ձեռնարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տեղական որոշ լրատվամիջոցներ Բելգիայի նոր կառավարության ներկայացուցիչների հասցեին սպառնալիքները կապում են նրանց վերջին արտահայտությունների հետ, որոնք խիստ քննադատության են ենթարկվել: Հարցազրույցներից մեկում ՆԳ նախարարն «արդարացրել էր նրանց, ովքեր համագործակցել էին նացիստական Գերմանիայի հետ»: Ֆրանկենն էլ սոցցանցերում գրառել էր, որ «որեւէ տնտեսական օգուտ չի տեսնում Մարոկկոյից, Կոնգոյից եւ Ալժիրից ներգաղթածներից»: Նրան անմիջապես քննադատել էին ու մեղադրել ազգայնականության մեջ: Ավելի ուշ նա հրապարակային ներողություն էր խնդրել: