Իսրայելը չի ընդունի պաղեստինյան պետության ստեղծումը՝ առանց իրական խաղաղության, անվտանգության եւ փոխադարձ ճանաչման մասին պայմանագրի: Իսրայելական խորհրդարանի՝ Կնեսետի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ ունեցած ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Իսրայելը չի համաձայնի պաղեստինյան պետության ստեղծմանը՝ առանց իրական խաղաղության մասին պայմանագրի, որում հաշվի կառնվեն անվտանգության ապահովման եւ պաղեստինցիների կողմից Իսրայելը որպես հրեա ժողովրդի պետություն ճանաչելու մասին պահանջները»,- ասել է վարչապետը:
«Պաղեստինցիները պետականություն են պահանջում՝ առանց խաղաղության եւ առանց անվտանգության: Նրանք 1967 թվականի սահմաններն ու վերադարձի իրավունք են (պաղեստինցի փախստականների) պահանջում: Միաժամանակ, նրանք հրաժարվում են խաղաղության ճանապարհին կատարվելիք հիմնական քայլից՝ փոխադարձ ճանաչումից: Նրանք պահանջում են, որ մենք ճանաչենք իրենց, բայց չեն ցանկանում ճանաչել մեզ»,- հրեական պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նեթանյահուն նաեւ տեղեկացրել է, որ Իսրայելը երկազգ պետություն չի ցանկանում: «Մենք չենք ուզում երկազգ պետություն կազմավորել, բայց նաեւ մտադիր չենք մեր սահմանների մոտ Իրանի եւս մեկ արբանյակ-երկիր հանդուրժել»,- հայտարարել է երկրի վարչապետը:
Ըստ դիտորդների, երկազգ պետության կարող է հանգեցնել «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի իրականացումից հրաժարվելը:




























