Ղազախստանի ոսկերչական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վարպետներով: «Մերիդիան» կենտրոնում Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կազմակերպած Yerevan Show 2014 ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ոչ միայն ապրանքների, այլեւ կապիտալի, ծառայությունների, իսկ ամենակարեւորը՝ մարդկային ռեսուրդների ազատ տեղաշարժի հնարավորություններ են ստեղծվում: Եվ վարպետների փոխանակման ուղղությամբ, կարծում եմ, Հայաստանը Ղազախստանի հետ պետք է աշխատի ոսկերչության բնագավառում: Կարծում եմ՝ այդպես ավելի հետաքրքիր կլինի, քանի որ Ղազախստանում նույնպես ոսկերչական իրերի արտադրությունը զարգացած է: Իսկ նորարարությունների, նոր տեխնոլոգիաների, դիզայնի առումով Հայաստանից մասնագետների առաջարկությունները մեզ պետք կգան»,- նշեց դիվանագետը:
Նրա խոսքով, այդ գաղափարն արդեն քննարկվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ: «Հայկական կողմին առաջարկվել է ինովացիոն եւ դիզայնի ոլորտում առաջարկությունների փաթեթ պատրաստել, ընդ որում՝ ոչ միայն ոսկերչության բնագավառի համար»,- հավելեց Բոզժիգիտովը:



























