Հարավային Օսիայի իշխանությունները անհետաքրքիր են անվանել Վրաստանի իշխանությունների առաջարկը՝ միասնական Վրաստանի կազմում ինքնավարություն ստեղծելու մասին: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվին»՝ մեջբերելով ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարար Դավիդ Սանակոեւին:
«Մեզ հետաքրքիր չեն այդ ոչ մի տեղ չտանող խոսակցությունները: Վրաստանը պատրաստ չէ խաղաղ հարաբերություններ կառուցել, որոնք օգտակար կլինեին ողջ տարածաշրջանի համար: Վրաստանը ռեւանշիստական պլաններ է կազմում, որի ապացույցն է այն, որ այդ երկիրը հրաժարվում է ստորագրել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ ուժ չկիրառելու մասին փաստաթուղթը»,-ասել է Սանակոեւը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աբխազներին ու օսերին առաջարկել է ինքնավարություն ստեղծել միասնական, ուժեղ Վրաստանի կազմում, որը խաղաղ ապագա է խոստանում բոլորին:



























