ԵՄ-ի եւ հայաստանի միջեւ վիզաների տրամադրման պարզեցման մասին համաձայնագրի ստորագրումից հետո երեք կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել. ՀՀ քաղաքացիների համար վիզա ստանալը դարձել է ավելի հեշտ, էժան ու արագ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «ԵՄ-ի եւ հայաստանի միջեւ վիզաների տրամադրման պարզեցման մասին» համաձայնագրի մոնիթորինգի արդյունքների ներկայացմանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է Նիկոլայ Իսրայելյանը: Միջոցառումը կազմակերպել է Գլոբալիզացիայի եւ տարածքային համագործակցության վերլուծական կենտրոնը եւ Հայաստանում բաց հասարակության հիմնադրամի մասնաճյուղը:
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիների համար Եմ երկրների վիզաներ ստանալն ավելի հեշտացել է, որովհետեւ ավելի քիչ փաստաթղթեր են պահանջում վիզա ստանալու համար: «Վիզա ստանալու գործընթացը նաեւ էժանացել է. եթե մինչ այդ վիզայի արժեքը 60 եվրո էր, հիմա 35 եվրո է: Վիզաները արագ են տալիս. Վիզա տրամադրելու որոշումը պետք է կայացվի 10 օրվա ընթացքում, թեեւ առանձին դեպքերում այդ ժամկետը կարող է երկարացվել մինչեւ 30 օր կամ արտակարգ դեպքերում՝ 2 օրում»,-նշել է Նիկոլայ Իսրայելյանը:
Վիզաները հեշտացված կարգով կարող են ստանալ ԵՄ անդամ երկրի քաղաքացու հարազատները, պաշտոնական պատվիրակության անդամները, դպրոցականները, ուսանողները, ուղեկցող ուսուցիչները, լրագրողները:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների տրամադրման պարզեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012-ի դեկտեմբերի 17-ին, իսկ 2013-ի ապրիլի 19-ին ստորագրվել է ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագրերն ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից:



























