Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ քննարկել վրաց-ռուսական հարաբերությունները: Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Ես պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, բայց միայն այն թեմաների շուրջ զրուցելու, որոնք վերաբերում են Ռուսաստանին եւ Վրաստանին: Մենք Ռուսաստանին առաջարկում ենք բարիդրացիական եւ ընկերական հարաբերություններ՝ մեր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնման պայմանով, եւ մենք պատրաստ ենք քննարկել դա»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ վրաց-ռուսական հարաբերություններում սուր անկյուններ կան: «Վրաստանը խաղաղ եւ ընկերասեր երկիր է, որը Ռուսաստանի հանդեպ ագրեսիվ տրամադրված չէ, բայց Ռուսաստանի կողմից արգեսիայի սպառնալիքի ներքո է»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հակտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է հանդիպել վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, եթե Վրաստանի կողմից համապատասխան ազդանշան լինի: