Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ ազատազրկված Մերաբ Ալոյանին տեղափոխել Հայաստան, քանի որ դա կարող է ունենալ խիստ բացասական հետեւանքներ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան խորհրդական Երանուհի Թումանյանցը:

«Մենք դիմել էինք արդարադատության նախարարություն, որ Մերաբ Ալոյանին տեղափոխեին Հայաստան եւ այստեղ պատիժը կրեր: Նախարարությունից պարզաբանել են, որ հարցում են արել ոստիկանություն՝ հասկանալու համար, թե ինչքանով է նպատակահարմար Ալոյանին տեղափոխել Հայաստան, սակայն ստիկանությունը նպատակահարմար չի գտել»,- ասաց Երանուհի Թումանյանցը:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում: