Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան այցելած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամմանի գործընկերոջ՝ քաղաքապետ Աքել Բիլթաջի հետ, ստորագրել է Երեւանն ու Ամմանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն Հայաստանի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել ու փորձի փոխանակում իրականացնել տեղական ինքնակառավարման, ներդրումների ներգրավման, կոշտ թափոնների կառավարման ու ջրամատակարարման եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:




























