Հորդանանի Հաշիմյան Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի հետ:
Զրուցակիցները հայ-հորդանանյան քաղաքական երկխոսության զարգացման հետ միասին կարեւորել են տնտեսական ակտիվ համագործակցությունը՝ նկատի առնելով առկա մեծ ներուժը: Հայաստանի նախագահը եւ Հորդանանի վարչապետն ընդգծել են փոխգործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը եւ այդ առումով ողջունելի համարել երկու երկրների ղեկավարների ներկայությամբ այսօր ստորագրված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերը, ինչպես նաեւ երկու երկրների գործարարների միջեւ շփումները խրախուսելու երկկողմ պատրաստակամությունը: Նախագահը նշել է, որ վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրիի գլխավորած կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական բարեփոխումները տեսանելի են եւ վկայում են երկրի վարչապետի՝ որպես իմաստուն ղեկավարի, հարուստ փորձառության եւ արդյունավետ կառավարման մասին:
Սերժ Սարգսյանի խոսքով, Հորդանանի բաց տնտեսությունը գրավիչ է ցանկացած երկրի գործարարների համար, ներդրումային բարենպաստ միջավայր է ստեղծված նաեւ Հայաստանում: Հանրապետության նախագահը ուրախալի է համարել, որ չնայած բոլոր դժվարություններին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալներում որոշակի դրական տեղաշարժ կա: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրին համակարծիք են եղել, որ զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության եւ մի շարք այլ ոլորտներում անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը, ինչին կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների բացումը:
Զրուցակիցները տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման համար մեծապես կարեւորել են նաեւ մերձավորարեւելյան եւ հարավկովկասյան տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորումը, խաղաղության ու կայունության հաստատումը:
Վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրին մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին՝ ընդգծելով, որ թեեւ փոքրաթիվ, բայց իր մեջ մեծ ուժ ունեցող եւ տոկուն ժողովուրդ է, որը համաշխարհային քաղաքակրթության մեջ իր մեծ ներդրումն ունի: Հորդանանի վարչապետն իր խոսքում կարեւորել է կրոնական հանդուրժողականությունը, շեշտել, որ եւ՛ իսլամը, եւ՛ քրիստոնեությունը քարոզում են համատեղ խաղաղ գոյակցություն՝ զերծ արյունահեղություններից ու բարբարոսությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի օրինակը, որը շատ լավ հարաբերություններ ունի հարեւան Իրանի, արաբական բազմաթիվ երկրների հետ, որոնք հայ ժողովրդի համար դժվարին պահերին ձեռք են մեկնել եւ այսօր էլ այդ երկրներում ապրող հայկական համայնքների նկատմամբ ջերմ ու բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում: Կրոնական հակամարտություն քարոզողները, նախագահի համոզմամբ, հաջողություն ունենալ չեն կարող:




























