Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:

Երկու պետությունների միջեւ հարաբերությունների ակտիվացման եւ համագործակցության լայն օրակարգի ձեւավորման գործում երկուստեք կարեւորվել է հայ-հորդանանյան միջխորհրդարանական կապերի դերը: Զրուցակիցներն ափսոսանք են հայտնել, որ օրենսդիր մարմինների միջեւ այդ հարաբերությունները դեռեւս ցանկալի մակարդակի վրա չեն: Հայաստանի նախագահի պաշտոնական այցը լավ հնարավորություն է համարվել խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարը քննարկելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվ քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական կապերի ինտենսիվացման ուղղությամբ եւ կարեւորել խորհրդարանական տարբեր մակարդակի պատվիրակությունների փոխայցելություններն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանն Ամմանում նաեւ այցելել է Հորդանանի ազգային թանգարան, ծանոթացել երկրի դարավոր պատմությունը ներկայացնող ցուցանմուշներին եւ շրջայցի ավարտին գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Հիրավի համոզվեցի, որ գտնվում եմ աշխարհի ամենահնագույն երկրներից մեկում։ Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատմությունը, որը ներկայացված է այս վսեմաշուք թանգարանում, դրա վառ ապացույցն է։ Այս հրաշալի կառույցի տանիքի տակ բարձր ճաշակով եւ հոգատարությամբ ձեր երկիրը ներկայանում է պատվով եւ պարծանքով՝ իր հիասքանչ մշակույթով եւ դարերի խորքից եկող պատմությամբ։ Այն իրապես լի է հանդուրժողականության եւ տարատեսակ քաղաքակրթությունների երկխոսության լուռ նմուշներով։ Շնորհակալություն Հորդանանի իշխանություններին եւ ժողովրդին այս թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար», - գրել է նախագահ Սերժ Սարգսյանը: