Ֆրեզնոյում Քալիֆորնիա նահանգի Համալսարանի տարածքում հարյուրավոր մարդիկ մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմքը դնելու արարողությանը, որի շինարարությունը ավարտին կհասցնեն մյուս տարի՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Ինչպես գրում է «The Fresno Bee» թերթը, արարողությանը ներկա են եղել ոչ միայն հայ համայնքի հոգեւոր ու հասարակական առաջնորդներ համայնքի անդամների հետ միասին, այլ նաեւ տեղացի քաղաքական գործիչներ ու Ֆրեզնոյում Քալիֆորնիայի Համալսարանի ղեկավարներ:

Համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն հանդես է եկել բուհի անունից: «Մեր հիմնական  առաքելությունը կրթությունն է, ինչը նույնպես տվյալ նախագծի հիմքում է: Մեր պատմությունը հարուստ է հայ ուսանողների, դասախոսների, շրջանավարտների եւ ընկերների մասնակցությամբ. առանց նրանց մենք բարձակարգ համալսարան չէինք լինի»,- նշել է Կաստրոն:

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության ներկայացուցիչ Լեւոն Մինասյանը երախտագիտություն է հայտնել Ֆրեզնոյում Քալիֆորնիա նահանգի Համալսարանին եւ տեղի հայկական համայնքին: «Այս հուշարձանի կանգնեցումը Ֆրեզնո քաղաքում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին վկայում է հայ համայնքի դերի կարեւորության մասին հայ-ամերիկյան կյանքում»,- նշել է Մինասյանը:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը կանգնեցնելու են Ֆրեզնոյում Քալիֆորնիա նահանգի Համալսարանի տարածքում: Փոլ Խալաջյանի նախագծած կառույցը մարմնավորելու է խորհրդանիշերը, որոնք հայ ժողովրդի համար մշակութային նշանակություն ունեն: Հուշարձանը կկառուցեն բետոնից ու տուֆից, հիմնական մասերը կլինեն 9 սյուները, որոնք տեղադրվելու են հանդիպակաց՝ դեպի ներս թեքվածությամբ, ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: 9 սյուները խորհրդանշում են պատմական Հայաստանի 6 նահանգները, Կիլիկիան, հայկական սփյուռքը եւ Հայաստանի Հանրապետությունը: Բարձրությունը շրջանաձեւ նվազելու է՝ առաջինի բարձրությունը կազմելու է 19 ոտնաչափ, վերջինը՝ 15 ոտնաչափ, ինչն ընդգծում է 1915թ.-ի նշանակությունը: