ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների՝ «Մեծ ութնյակի» շրջանակներում արված ԼՂ հակամարտությանը վերաբերող հայտարարությունը հայ դիվանագիտության կատարյալ ձախողումն է։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ, ըստ էության, հայտարարության անգլերեն տեքստը Մադրիդյան սկզբունքների կրկնությունն է, որոնցում հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներ են առկա։ «Իհարկե, կա նաեւ հայտարարության ռուսերեն տարբերակը, որը էապես տարբերվում է բնօրինակից, բայց այն չպետք է ուշադրության արժանացնել, այն կատարյալ ժուլիկություն է»,-հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ նախագահների հայտարարությունը ենթադրում է, որ հայկական կողմը պետք է որոշակի զիջումների գնա, որոնցից հիմնականը տարածքային զիջումներն են։ «Հայաստանի կողմից տարածքային զիջումները ԼՂ անվտանգությունը կդնեն վտանգի տակ, քանի որ այդ տարածքները հանդիսանում են ԼՂՀ անվտանգության գոտիները։ Տարածքների վերադարձի դեպքում ադրբեջանական կողմի դիվերսիաները կուղղորդվեն դեպի ԼՂ»,-նշեց ՀՅԴ-ական պատգամավորը։ Ինչ վերաբերում է հանրաքվեի եւ ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթին, ապա այդ հարցում կրկին ամեն ինչ անորոշ է. «Նախ, ոչինչ չի ասվում հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամանակի մասին։
Բացի այդ, ոչ մի որոշակիություն չկա, թե ով եւ որտեղ պետք է անցկացնի այդ հանրաքվեն։ Հայտարարության մեջ նշվում է կամարտահայտման հանրաքվեի մասին, սակայն չի նշվում, թե ո՞ր ժողովրդի կամարտահայտման մասին է խոսքը՝ ԼՂ-ի՞, թե՞ Ադրբեջանի։ Միանշանակ է, որ Ադրբեջանն այդ դրույթը կմեկնաբանի իր օգտին»,-նշեց Հովհաննիսյանը։ Խոսելով ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տալու մասին հայտարարության մեջ առկա դրույթի մասին, պատգամավորն ընդգծեց, որ այդ կետը չի համընկնում Երեւանի՝ նախապես արված հայտարարությանը, համաձայն որի՝ ԼՂ-ի կարգավիճակը չի կարող լինել գրանցված դե-ֆակտո կարգավիճակից ցածր։ «Մինչդեռ նախագահների հայտարարության մեջ խոսվում է ԼՂ-ի ինչ-որ միջանկյալ կարգավիճակի մասին»,-նկատեց Հովհաննիսյանը։
Բացի այդ, նշեց պատգամավորը, եթե երեք նախագահների նախորդ՝ Աքվիլայում արված հայտարարության մեջ Հայաստանի ենթակայության տակ եղած տարածքները ձեւակերպվում էին որպես «ԼՂ-ին հարող տարածքներ», ապա վերջին հայտարարության մեջ դրանք հիշատակվում են որպես «օկուպացված»։ Նա նաեւ ընդգծեց, որ նմանատիպ փաստաթղթերում հարցերի առաջադրման նման հաջորդականությունը ենթադրում է գործողությունների հաջորդականություն, այսինքն՝ սկզբում պետք է վերադարձվեն տարածքները, այնուհետ՝ մնացածը։ «Այլապես հայտարարության մեջ նշված կլիներ, որ դրույթները պետք է կյանքի կոչվեն զուգահեռ, բայց նույնիսկ այդ տարբերակը ձեռնտու չէ Հայաստանին»,-նշեց Հովհաննիսյանը։ Պատգամավորը նաեւ քննադատության ենթարկեց հայտարարության՝ Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ ցամաքային միջանցքի մասին դրույթը. «Ուշադրություն դարձրեք, հայտարարության մեջ չի ասվում ցամաքային սահմանի մասին՝ ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ, այլ ընդամենը նշվում է նեղ միջանցքի մասին, որը հայտնի չէ, թե ով է վերահսկելու»,-նկատեց պատգամավորը։ Ստեղծված իրավիճակում, ինչպես նշեց Հովհաննիսյանը, Երեւանը պետք է ասի, որ հայտարարությունը ընդունելի չէ Հայաստանի համար, այլ ոչ թե սկսի այն մեկնաբանել իր օգտին, հատկապես, որ արտաքին գերատեսչությանը դա չի հաջողվում։


























