Լեհաստանի Հանրապետության Կրակով քաղաքում, նոյեմբերի 5-7-ին, տեղի է ունենում «Էնո-Էքսպո-2014» ոգելից խմիչքների 12-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը համարվում է Լեհաստանի Հանրապետության եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն միջոցառումներից մեկը: Միջոցառմանը մասնակցում են 6 հայկական գինեգործության եւ կոնյակագործության ոլորտների ընկերություններ` «Երեւանի կոնյակի գործարան»,  «Շահնազարյան» Գինու-կոնյակի տուն, «Էդվագ Գրուպ» ՍՊԸ, Գոլդեն Գրեյփ «ԱրմԱս» ՍՊԸ, «Մարան» ՓԲԸ, «Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ:

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են խմիչքի համտես-երեկո, շնորհանդեսներ, հյուրասիրություններ եւ գործնական հանդիպումներ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչը մեծ խթան կհանդիսանա հայկական արտադրանքն արտաքին շուկաներում ներկայացնելու համար:

Միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի գինեգործության եւ կոնյակագործության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում:

Վերոնշյալ ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական եւ համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը եւ Արդունաբերական զարգացման հիմնադրամը:

Զարգացման հայկական գործակալությունը համագործակցում է CBI (Centre for the Promotion of Imports from Developing Countries) Նիդերլանդների արտաքին գործերի գործակալություն հետ, համատեղ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում “Export Coaching Programme Wine 2012-2016” ծրագիրը եւ աջակցում է վերոնշյալ միջոցառումը: Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել հայկական գինեգործական ընկերությունների զարգացմանը եւ խթանել արտահանումը ԵՄ անդամ երկրներ:

Լեհաստանի գինու վերաբերյալ միակ մասնագիտացված ցուցահանդեսը տարեցտարի բարձրացնում է իր միջազգային վարկանիշը: Նախորդ տարի ցուցահանդեսը ընդունել էր գինու 142 արտադրող, մատակարարներ եւ ներմուծողներ Ավստրիայից, Հայաստանից, Խորվաթիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հունաստանի, Հունգարիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Սլովենիայից, Հարավային Աֆրիկայից, Իսպանիայից եւ Ուկրաինայից: