Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատավարությունը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտ նստավայրում հրապարակվում են նախաքննության ընթացքում հավաքված՝ գործում առկա բոլոր նյութերը:
«Որոշակի նկարներ արդեն հրապարակվել են՝ Ադրբեջանի դրոշը, Հասանովի ինքնաձիգը: Շուտով արդեն տեսանյութերը կհրապարակվեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Թե երբ կավարտվի դատավարությունը, փաստաբանը դժվարացավ պատասխանել:
Նշենք, որ գործի քննությունը սկսվել է հոկտեմբերի 27-ին, արդեն ցուցմունք են տվել մեղադրյալներ Գուլիեւն ու Ասկերովը, հրապարակվել է նրանց նախաքննական ցուցմունքները: Բացի դրանից՝ վկայություն է տվել Քարվաճառում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























