Հռոմի պապ Լևոն XIV-ի հիվանդությունը, որի պատճառով նա թոքի ուռուցքի հեռացման վիրահատություն է տարել, կարող է փոխել վերաբերմունքը Քահանայապետի նկատմամբ և ազդել նրա հովվապետության վրա, հայտարարել է Սուրբ Աթոռի դիվանագիտության ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը, գրում է Associated Press-ը։
Ըստ նրա՝ 2025 թվականին ընտրվելուց հետո Լևոն XIV-ին կարող էին ընկալել որպես «գերմարդ» և «սուպերպապ», սակայն ախտորոշումը հիշեցրեց, որ Հովվապետը մյուսների պես մահկանացու մարդ է։
«Այն փաստը, որ նա հիվանդացել է մեր ժամանակների ամենատարածված հիվանդություններից մեկով, նշանակում է, որ նա նույնպիսի մահկանացու է, ինչպես բոլորս։ Կարծում եմ՝ դա կփոխի նրա մասին մեր ընկալումը և, հնարավոր է, իր իսկ վերաբերմունքն իր նկատմամբ»,- Հռոմում լրագրողներին ասել է Գալագերը։
Ըստ նրա՝ թեև վիրահատությունը հաջող է անցել, և բժիշկները մեծ լավատեսության հիմքեր են տալիս, հիվանդությունը, այնուամենայնիվ, «շրջադարձային պահ» է դարձել։ Գալագերը նշել է, որ Ֆրանցիսկոս պապի երկարատև հիվանդությունից և մահից հետո Լևոն XIV-ն արագ անցավ աշխատանքի և հենց սկզբից հսկայական ծանրաբեռնվածությունը հաղթահարելու ունակ մարդու տպավորություն ստեղծեց։
71-ամյա Հովվապետի աջ թոքի ստորին բիլթը հեռացրել են հոկտեմբերի 13-ին՝ ուռուցք հայտնաբերելուց հետո։ Հետագայում այն ախտորոշվել է որպես ադենոկարցինոմա՝ թոքի քաղցկեղի ամենատարածված ձևը։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ լրացուցիչ բուժում չի պահանջվում։ Պապն աստիճանաբար վերադառնում է իր ամենօրյա պարտականություններին։
Վատիկանը հաստատել է, որ Լևոն XIV-ը չի հետաձգի նոյեմբերի 6–17-ը նախատեսված ուղևորությունը Ուրուգվայ, Արգենտինա և Պերու։ Ծրագիրը ներառում է 12 ավիաթռիչք և երկու թռիչք ուղղաթիռով, իսկ երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 31 հազար կիլոմետր։ Դա կլինի Հովվապետի ամենաերկարատև արտասահմանյան ուղևորությունը նրա ընտրվելուց ի վեր։
Գալագերը պարզաբանել է, որ պապն ինքն է ցանկացել մեկնել ուղևորության, իսկ բժշկական ցուցումները թույլ են տալիս նրան դա անել։ Լևոն XIV-ի համար առանձնահատուկ նշանակություն ունի Պերուն, որտեղ նա շուրջ 20 տարի անցկացրել է որպես միսիոներ և քաղաքացիություն ստացել։ Քահանայապետը նաև սերտորեն կապված է Չիկլայոյի թեմի հետ։
Սուրբ Աթոռի դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ Չիկագոյում ծնված պապը տեսանելի ապագայում կարող է այցելել ԱՄՆ։ Սակայն ուղևորության ժամկետները կախված կլինեն նաև նոյեմբերին երկրում անցկացվելիք միջանկյալ ընտրությունների արդյունքներից։ Վատիկանը փորձում է Հովվապետի այցեր չկազմակերպել համապետական նախընտրական քարոզարշավների ընթացքում, որպեսզի իշխանությունները չկարողանան դրանք օգտագործել քաղաքական նպատակներով։ Հնարավոր տարբերակների թվում քննարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանի հետ համընկնող ուղևորությունը կամ ավելի լայնածավալ երթուղու շրջանակում այցը՝ Մեքսիկայում կանգառով։ Վերջնական ծրագրեր առայժմ չկան։
Ըստ Գալագերի՝ Լևոն XIV-ը կցանկանար այցելել նաև Մեքսիկայի Գվադալուպեի Տիրամոր բազիլիկը։ Բացի դրանից, խիստ հավանական է, որ 2028 թվականին պապը կմեկնի Ավստրալիա՝ Սիդնեյում Միջազգային էվխարիստական համաժողովը եզրափակելու համար։ 2027 թվականի օգոստոսին սպասվում է նրա ուղևորությունը Հարավային Կորեա՝ Երիտասարդության համաշխարհային օրերին մասնակցելու համար։
Լևոն XIV-ին համեմատելով նրա նախորդի՝ Ֆրանցիսկոսի հետ՝ Գալագերը ներկայիս պապին բնութագրել է որպես որոշումներ ընդունելիս ավելի խորամիտ և զգուշավոր։ Ըստ նրա՝ Հովվապետն ուշադիր ուսումնասիրում է միջազգային օրակարգը և ճշտող հարցեր է տալիս, ուստի այն տեղեկություններից շատերը, որոնք դիվանագետը նրան հաղորդում է ամենշաբաթյա հանդիպումների ժամանակ, պապին արդեն հայտնի են։
Միևնույն ժամանակ Լևոն XIV-ը նախընտրում է նախապես չբացահայտել իր ծրագրերը։ Գալագերը խոստովանել է, որ նույնիսկ տեղյակ չի եղել սպասվող վիրահատության մասին, մինչև Քահանայապետը հոկտեմբերի 11-ին հրապարակավ հայտնել է դրա մասին։ Դիվանագետը նաև վստահություն է հայտնել, որ Վատիկանի կուրիան չի կարողանա խանգարել պապին վարել սեփական քաղաքականությունը։
«Չեմ կարծում, թե կուրիան նրան կկուլ տա։ Եթե նշաններ ի հայտ գան, որ դա տեղի է ունենում, նա ցույց կտա, որ ինքն էլ ախորժակ ունի»,- կատակել է Գալագերը։




























