Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, Սայաթ-նովայի անվան կոմպոզիցիաների միջազգային մրցույթի մասնակիցները պետք է իրենց ստեղծագործություններում ներառեն Հայոց ցեղասպանության առաջին զոհերից մեկի՝ գրող Դանիել Վարուժանի բանաստեղծությունները: Մրցույթի նպատակը հայկական ավանդույթներն ավելի լայն լսարանին ներկայացնելն է:

Ըստ «The Armenian Weekly»-ի, մրցույթին մասնակցել կարող են կոմպոզիտորներ ամբողջ աշխարհից: Ստեղծագործություններն ընդունվելու են առցանց, մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 28-ը: Մրցույթի մասնակիցների աշխատանքները գնահատելու է կոմպոզիտորների ու երաժիշտների միջազգային խումբը: Սայաթ-Նովայի անվան կոմպոզիցիաների միջազգային մրցույթի հաղթողները, դրամական պարգեւներից բացի, երկու մրցանակ կստանան. Հայկական բարեգործական ընդհանուր միության «Քարնեգի հոլ» մրցանակ եւ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի մրցանակ:

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Քարնեգի հոլ» մրցանակի դափնեկրի ստեղծագործությունը ներկայացվելու է 2015 թվականի դեկտեմբերին, Նյու Յորքի Քարնեգի Հոլի Ուեյլի անվան դահլիճում կայանալիք համերգի ընթացքում: Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի մրցանակի դափնեկիրը 10 րոպե տեւողությամբ ստեղծագործություն գրելու պատվեր կստանա, որը Նվագախումբը կկատարի 2016-2017 թ.թ. համերգաշրջանում: Մրցույթի մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն 2015 թվականի մարտին, Նյու Յորքի գալա-համերգին: