Հնգօրյա այցի ընթացքում տասնյակից ավելի հանդիպումների, ճանաչողական շրջագայությունների, քննարկումների ընթացքում Ֆրանսիայի Լիոն քաղաքից ժամանած պատվիրակության անդամ ճարտարապետ-քաղաքաշինարարները, կանաչապատման, տրանսպորտային ընկերությունների մասնագետները ներկայացրել են համապատասխան եզրակացությունները եւ համագործակցության հնարավոր եզրերն ու եղանակները։ 

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ պատվիրակության անդամներն ընդգծել են, որ իրենց եզրակացություններին համադրել են քաղաքաշինական, բնակլիմայական եւ Երեւանին առանձնահատուկ այլ հանգամանքներ, որպեսզի հնարավորին արդյունավետ լինի համագործակցության յուրաքանչյուր առաջարկը եւ ընդգծել են, որ դրանք պետք է համահունչ լինեն նաեւ Երեւանի քաղաքապետի՝ Երեւանը համաչափ զարգացնելու ռազմավարությանը։