Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հետաքրքված է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներով, անկախ դատական իշխանությամբ եւ սահմանադրական բարեփոխումներով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, Երեւանում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է տարածաշրջանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով խորհրդատու Ակսանա Անտոնենկոն: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:
Ակսանա Անտոնենկոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, լինելով միակ ֆինանսական կազմակերպությունը, որն ունի քաղաքական մանդատ, հետաքրքրված է Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումներով: Նրա խոսքով՝ երեք տարին մեկ անգամ բանկը պաշտոնական փաստաթուղթ է հրապարակում եւ գնահատում երկրներում տեղի ունեցող քաղաքական բարեփոխումները:
Ակսանա Անտոնենկոն հարցրել է, թե սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու առումով ի՞նչ աշխատանքներ են ընթանում Հայաստանում եւ ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ երկրի համար:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության ներկայիս փուլն ու ներկայացրել սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքները: Նախարարի տեղեկացմամբ, Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ անցկացվել են բավականին բուռն ու լայնածավալ հանրային քննարկումներ թե Երեւանում, թե մարզերում: Քննարկվել են Հայաստանում կառավարման ձեւի կատարելագործմանն առնչվող հարցեր:
Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ հայեցակարգով նախատեսվում է իշխանության ճյուղերի տարանջատման գործուն կառուցակարգերի ներդնում, ինչի արդյունքում կապահովվի դատական համակարգի լիարժեք անկախությունը: Նախարարը նաեւ կարեւորել է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումները՝ ընդգծելով, որ այդ առումով դեռ անելիքներ կան: «Հայեցակարգով սահմանվել է նաեւ իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումն ու դրա երաշխավորումը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Ակսանա Անտոնենկոն հետաքրքրվել է նաեւ օրենքների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության աստիճանով: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է ՔՀԿ-ների հետ երկխոսությունն ու նրանց մասնակցությունը հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացում: Որպես օրինակ՝ Հովհաննես Մանուկյանը նշել է ՀՀ արդարադատության նախարարին կից ստեղծված հանրային խորհրդի գործունեությունը, որի կազմում ընդգրկված են ոլորտում գործող մոտ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ որոնց հետ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի են ունեցել երեք հանդիպումներ, քննարկվել են կարեւոր իրավական ակտերի նախագծեր: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:




























