Նոյեմբերի 11-ին չինական համացանցային հարթակներում մեկնարկել է աշխարհում խոշորագույն զեղչային վաճառքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Կեսգիշերից անց առաջին 40 րոպեի ընթացքում Alibaba խոշոր առցանց խանութներում վաճառքի ծավալը գերազանցել է 10 մլրդ յուանը (շուրջ 1,6 մլրդ դոլար):
Գործակալությունը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ չինական բլոգոլորտում գաղափար էր ծագել «11.11»-ը (նոյեմբերի 11-ը) նշել որպես Միայնակ մարդկանց օր: Նոր տոնը տարածում է գտել երիտասարդության շրջանում՝ դառնալով Սուրբ Վալենտինի օրվա համարժեքը: Դրանից սկսել են օգտվել խոշոր ռիթեյլերները։ Արդյունքում նոյեմբերի 11-ը դարձել է նաեւ Գնումների համաշխարհային օրը:
Անցյալ տարի Alibaba-ի հարթակներում վաճառքի ծավալը նոյեմբերի 11-ին գերազանցել էր ամերիկյան Սեւ ուրբաթը: Այս տարի կարող է գերազանցվել նախորդ տարվա ռեկորդը, քանի որ Alibaba-ն ընդլայնել է իր հնարավորությունները՝ առցանց առեւտրի համաշխարհային շուկայում: Ըստ ընկերության տվյալների՝ ակցիային մասնակցում են 175 երկրի վաճառականներ եւ գնորդներ:




























