Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտածում է ոչ միայն եռյակի առաջարկած 12 կետերի, այլեւ երկրի կայունության: Այս մասին այսօր` նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով նախագահի հորդորը` վերանայելու ընդդիմության առաջարկած 12 կետերը

«Եթե երկրում լինեն ցնցումներ, ապա դա կազդի նաեւ ԵՏՄ-ի հետ հարաբերությունների վրա, իրենց էլ դուր չի գա մեր երկրում առկա ցնցումները: Որոշակի խնդիրներում պետք է փոխհամաձայնություն լինի, սա իմ անձնական կարծիքն է, որ այս ցնցումները, անկայությունը կարող են դուր չգալ Ռուսաստանին»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ:

Թե ինչ կորոշի կառավարությունը եւ արդյոք կվերանայի իր դիրքորոշումը, Ռազմիկ Զոհրաբյանը չգիտի, այնուամենայնիվ, նրա խոսքով` կուսակցությունն իր դիրքորոշումը նախօրոք հայտնել է:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ընդհանրապես իմ հորդորն է, իմ մոտեցումն է իմ կուսակցական գործընկերներին, պետական կառավարման ապարատի ներկայացուցիչներին, որ այդպիսի առաջարկությունները, քննադատությունները չընդունեն որպես թշնամական մի բան, փշերով չընդունեն այդպիսի առաջարկությունները, այլ ուշադրությամբ քննության առնեն եւ զտեն այն օգտակարը, որ կարող է այդտեղ լինել»,- նշել է նախագահն ու հավելել. «Այս առումով, իհարկե, ամենաշոշափելին այն փաստաթուղթն է, որ խորհրդարանական չորս ուժերը կոչել են 12 կետի փաստաթուղթ եւ  առաջարկել են, որ կառավարությունը կատարի այդ փաստաթղթում նշված կետերը»: