«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով առաջին դատական նիստի օրն արդեն հայտնի է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբան՝ Արայիկ Ալվանդյանը:
«Գորխը նոյեմբերի 3-ին ընդունվել է վարույթ, իմ տեղեկություններով՝ դատական առաջին նիստը նշանակվել է նոյեմբերի 21-ին: Ես էլ արդեն միջնորդություն եմ ներկայացրել եւ քրեակատարողական վարչությանը, եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, որ Վալերի Հովհաննիսյանին թույլ տալ երկրորդ անգամ վիրահատվել»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ մինչեւ առաջին դատական նիստը՝ մեղադրյալը կվիրահատվի: Նշենք, որ մեղադրյալի հարազատները պնդում են, որ նրան հունիսին կալանավայր են տեղափոխել՝ աղիքը դուրս ընկած վիճակում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին, ինչպես նաեւ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով։ Վալերիկ Հովհաննիսյանն էլ Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում շուրջ հինգ րոպե տեւողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ: Բացի դրանից նրանք բռնություն են գործադրել՝ հարվածներ հասցնելով Գ. Առաքելյանին:
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



























