Նոյեմբերի 13-ին ժամը 18:00-ից -20:00-ն Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա հանրային դրամահավաքի մասին տեղեկատվական միջոցառում, ուր բացման խոսքով հանդես կգա ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը:
Միջոցառման ընթացքում կլինեն ելույթներ, որոնք կմանրամասնեն հանրային դրամահավաք երեւույթը եւ դրա տարածման անհրաժեշտությունը մեզանում: ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը կներկայացնի դրամահավաքի այս նոր տեսակի առավելություններն ու մարտահրավերները, ՀԱՀ գործարարության բակալավրի ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը կներկայացնի ավանդական դրամահավաքի եւ հանրային դրամահավաքի տարբերությունը, «Արմակադ»-ի հիմնադիր եւ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն՝ Խաչիկ Գեւորգյանը կմանրամասնի «մեկ դոլարի» հանգանակության ուժը: «ԱՅՈ» բարեգործական հարթակի ղեկավար Արմեն Անմեղիկյանը կխոսի բարեգործության նպատակով հանգանակությունների մասին:
ՀԱՀ-ը կկիսի Հանրային դրամահավաք իրականացնելու իր փորձը եւ կներկայացնի վերջերս կազմակերպած դրամահավաքի մանրամասները, որը իրականացրել է ONE Armenia-ն՝ հրատապ անհրաժեշտ բնապահպանական լաբորատոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Սարքավորումները Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու Հանքարդյունաբերության կենտրոնի (ՀԱՀ ՊՀԿ) գիտնականներին հնարավորություն կտան ուսումնասիրելու Հայաստանում հանքարդյունաբերության հետեւանքով առաջացած վնասները, տեղեկացնել քաղաքացիներին այս ազդեցության մասին, ապա օգնելու գտնել լուծումներ, որ կօգնեն պահպանել առողջությունը եւ համայնքների ու միջավայրի որակը: ՀԱՀ-ի Պատասխանատու Հանքարդյունաբերության Կենտրոնը նաեւ կվերապատրաստի եւ կներգրավվի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ մասնակից լինելու ազդեցության գոտիների համայնքներում աղտոտումների վերահսկմանը:
Ձեռք բերվող շարժական սարքավորումները կարողանում են կատարել մեկը միլիոնի համամասնությամբ հետազոտություն, ինչպես նաեւ կարող են տեղում արագ գնահատել 5 թունավոր ծանր մետաղները, որ առկա են հողում եւ ջրում. դրանք են՝ մկնդեղը, կադմիումը, պղինձը, սնդիկը եւ կապարը:





























