Հայաստանը Ռուսաստանի հետ նոր ասոցիացիայից օգուտներ կստանա, բայց դրանք, ամենայն հավանականությամբ, ավելի սահմանափակ եւ համեստ կլինեն արդիականացման տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արեւմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը:

Նրա խոսքով, ի տարբերություն «Արեւելյան գործընկերության» քաղաքական չափման, ավելի շատ հարցեր կան՝ կապված Հայաստանի եւ Եվրամիության տնտեսական համագործակցության ապագայի հետ: «Ինչպես հայտարարեցին ԵՄ ներկայացուցիչները՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հետ: Չնայած դա չի բացառում հայկական տնտեսության հատվածների մեծ մասում Եվրամիության հետ տնտեսական փոխգործակցությունը, դա սահմանափակվելու է Մաքսային միության անդամ երկրների միասնական արտաքին սակագներով»,- հավելեց Գյունտեր Վալցենբախը: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու դրույթները, ըստ քաղաքագետի, չեն կարող կիրառվել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ:

«Դա վերաբերում է, մասնավորապես, ծառայությունների ոլորտում ընդհանուր առեւտրային արգելքների, սահմանային մաքսատուրքերի եւ համալիր միջոցառումների կրճատմանը, որոնք ուղղված են ներդրումային միջավայրի բարելավմանը: Քանի դեռ Հայաստանի տնտեսության վրա Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հստակ դրական ազդեցության մասին եզրակացություն չկա, արդարացի կլինի նշել, որ ընդհանուր առմամբ պետք է տեղ գտներ դրական արդյունքը՝ արդյունավետության, տնտեսական աճի եւ զբաղվածության տեսանկյունից»,- նշեց Գյունտեր Վալցենբախը՝ հավելելով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետեւանքով նաեւ առեւտրի վերակողմնորոշման գործընթացներ են սպասվում: «Սակայն Մաքսային միությունը դեռեւս չի հաստատել իր առաջնորդների մտադրությունը ստանդարտացման կոնկրետ ձեւերի կամ առեւտրի պարզեցման վերաբերյալ»,- նշեց քաղաքագետը:

Վալցենբախի կարծիքով, Հայաստանի տարածաշրջանային հեռանկարների փոփոխություններում հարկավոր է հաշվի առնել նաեւ երկրի աշխարհաքաղաքական դիրքը: «Հարկ է նշել, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Մաքսային միության անդամ մյուս երկրների հետ, ինչը, անկասկած, որոշակի դժվարություններ կստեղծի: Այդ պատճառով շատ բան կախված կլինի իրենց ընդհանուր ներտարածաշրջանային առեւտրի համար Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի՝ սակագները հաջողությամբ փոփոխելու ունակությունից: Երկարատեւ հեռանկարում Ռուսաստանը կարող է հավակնել փոխարինել Եվրամիությանը Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերոջ դերում»,- կարծում է քաղաքագետը:

Այդ տեսանկյունից, ըստ նրա, Ռուսաստանը կարող է հենվել Կովկասում էներգետիկայի, տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտում իր գերիշխող դիրքի վրա: «Եվ, վերջապես, Մաքսային միությունը Ռուսաստանին հնարավորություն կընձեռի զենքի վաճառքի նախընտրելի գործարքներ կնքել՝ տարածաշրջանում անվտանգության իր շահերին համապատասխան»,- ընդգծեց Վալցենբախը:

Նրա խոսքով, տեսականորեն Հայաստանը կարող է փորձադաշտ դառնալ, որտեղ առաջիկա տարիներին կուսումնասիրվի Եվրասիական տնտեսական միության կանոնների հետ համատեղ Եվրամիության չափանիշներին մոտեցումը: «Ներկա պայմաններում, սակայն Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ տնտեսական մերձեցումը դժվար տեղի ունենա առաջիկայում, եւ այդ պատճառով միջտարածաշրջանային գործող համաձայնագրի շուրջ բանակցությունների պոտենցիալը պետք է ցածր համարել»,- ամփոփեց Գյունտեր Վալցենբախը: