Աշխարհի խոշորագույն հինգ բանկերը 3.4 մլրդ դոլարի չափով տուգանվել են՝ արժութային կեղծիքների համար: Այս մասին գրում է Ռոսբալտը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան Citibank-ը, JPMorgan Chase-ը, բրիտանական Շոտլանդիայի Թագավորական բանկը եւ HSBC-ն, ինչպես նաեւ շվեյցարական UBS-ն արժութային շուկայում կեղծիքների համար պատժամիջոցների են ենթարկվել:

Բանկերը պատժվել են այն բանի համար, որ պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով վաճառականները գործարքի մեջ են մտել եւ խմբեր կազմավորել, որոնց ներսում հաճախորդների գործողությունների մասին տեղեկատվություն են փոխանակել: Օգտագործելով ստացված տեղեկությունները՝ նրանք խաղադրույքները կեղծել են այնպես, որ վաստակել են հաճախորդների կորուստները:

Առաջիկայում պատժվելու է նաեւ Barclays բանկը: Հաստատության դեմ բրիտանական կարգավորողի հետաքննությունը շարունակվում է: