Հայաստանի 2015-ի պետական բյուջեն հանգեցնում է բանանային հանրապետության: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ապագան իրական սեկտորի զարգացումն է, գիտության եւ արդյունաբերության փոխգործակցումն ու իննովացիաները:

«Հերթական բյուջեի նախագիծը դրա համար հնարավորություններ չի տալիս, ուստի ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու:
2013-ին ներմուծումը կազմել է մոտ 4,5 մլրդ դոլար, իսկ արտահանումն ընդամենը 1,5 մլրդ դոլար: Տարբերությունը 3 մլրդ դոլար է, որը գոնե որոշ մասով պետք է լրացնել արտաքին ներդրումներով: Բայց տեղի է ունենում ճիշտ հակառակը. հայկական բիզնեսը չդիմանալով ճնշմանը եւ չցանկանալով ռիսկի գնալ, սկսում է ներդրումներ անել արտերկրում: Ներդրումների անբավարարության արդյունքում աշխատանքի արտադրողականությունը տնտեսության մեջ մնում է շատ ցածր»,-ընդգծել է պատգամավորը: