ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը կայցելի ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Աղբյուրի համաձայն, այցելությունը կլինի առաջիկա օրերին: ԵԱՀԿ դեսպանին կուղեկցեն դաշտային հրամանատարները:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին,  ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ եւ թույլ չի տալիս Ղարաբաղի կողմի ներկայացուցիչներին մոտենալ խոցված ուղղաթիռին: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է:

Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ հնարավոր է անձնակազմի անդաներից մեկը ողջ լինի:

Միջադեպն արդեն դատապարտել են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի ԱԳՆ-ն, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Ղարաբաղյան կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով աջակցել ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագիրը պարզելու հարցում: