Ադրբեջանական կողմին տրվելիք համարժեք պատասխանը չպետք է ուշանա եւ անպայման պետք է ցավոտ լինի: Այս մասին նոյեմբերի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Փաստը, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խոցել է ուսումնական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈՒ-ի ուղղաթիռը, պատգամավորը բնութագրել է որպես ահաբեկչական գործողություն: Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքին՝ Արտակ Դավթյանն ընդգծել է. «Միջազգային կառույցների հայտարարությունների ձեւակերպումները բավական խիստ են եղել: Իրականում միջազգային հանրության արձագանքը համարժեք է եղել կատարվածին»:
Նշենք, միջադեպն արդեն դատապարտել են ԵԱՀԿ ՄԽ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն:




























