ԱՄՆ Կոնգրեսի անդամները, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Դեւիդ Վալադաոն, ինչպես նաեւ հայ-ամերիկյան խմբի ներկայացուցիչները նոյեմբերի 18-ին Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում ասուլիս են տալու՝ կապված Սպիտակ տանը հայ որբերի գորգի ցուցադրության բացման հետ: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

Ասուլիսից հետո կոնգրեսականներն ու ամերիկահայ համայնքի ղեկավարներն ուղեւորվելու են Սպիտակ տան Այցելությունների սրահ, որպեսզի տեսնեն մինչ այս քաղաքական շահարկումների առարկա դարձած հայ որբերի գործած գորգը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ գորգը ցուցադրվելու է Սպիտակ տան Այցելությունների սրահում կազմակերպվելիք ցուցահանդեսի շրջանակում, որն անցկացվելու է նոյեմբերի 18-23-ը: «Շնորհակալություն Միացյալ Նահանգներին. երեք նվեր նախագահներին՝ ի նշան երախտագիտության արտերկրում ամերիկյան մեծահոգության» անվանումով ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են հայ որբերի գործած գորգն ու այլ առարկաներ, որոնք որպես նվեր մատուցվել են ամերիկյան նախագահներին՝ ԱՄՆ-ի օգնության դիմաց:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սպիտակ տանը պահպանվող հայ որբերի գորգի ցուցադրությունը 2013 թվականի դեկտեմբերին չեղյալ էր հայտարարվել. հնարավոր է՝ Թուրքիայի բացասական արձագանքից վախի պատճառով: Գորգը 1920-ական թվականներին գործել են հայ որբերը եւ 1925 թվականին պաշտոնապես նվիրել ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության Հայոց ցեղասպանության ժամանակ ամերիկյան օգնության: