ՀՀ կառավարությունը նոր սուբսիդիաներ կտրամադրի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս մասին նոյեմբերի 17-ին խորհրդարանում հայտարարել է տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելոց «Հայաստանի սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» օրինագիծը: Արտոնությունները, ընդգծել է Տերտերյանը, կտրամադրվեն միայն նրանց, ովքեր    հաշվառված են  եւ մշտապես բնակվում են սահմանամերձ բնակավայրերում: Արտոնությունների հետ կապված պետության ընդհանուր ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 1 մլրդ դրամ  (մոտ 2,4 մլն դոլար):

Բնակիչների այս խումբը մասնակի փոխհատուցում կստանա գազի, էլեկտրաէներգիայի եւ  ոռոգման ջրի վճարի համար, հավելել է Տերտերյանը: Սուբսիդիայի ծավալը ամեն տարի սահմանելու է կառավարությունը: Չգազիֆիկացված գյուղերում տրամադրվելու է  ջեռուցման համար համարժեք սուբսիդիա:

Նախատեսված է նաեւ 100%-անոց փոխհատուցում հակառակորդի կրակի տակ գտնվող հողատարածքի եւ ունեցվածքի  հողահարկի եւ գույքահարկի համար: Խոսքը ցանկացած տեսակի հողատարածքի եւ  շինությունների մասին է՝ դաշտեր, բակեր, բնակելի տներ, այն տարածվում է գյուղատնտեսների եւ իրավաբանական անձանց վրա:  Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունների պատճառով իրենց տներից զրկված անձինք  ապահովվելու են համարժեք բնակարանով՝ նույն համայնքի տարածքում: Հրաձգությունների կամ ռումբի պայթելու հետեւանքով վիրավորված բնակիչներին բուժօգնություն է տրամադրվելու պետպատվեր, իսկ զոհվածների ընտանիքներին՝ հուղարկավորման համար միանվագ օգնություն: