Սահմանամերձ գյուղերի բնակիչների որոշ ծախսեր կարող են հոգալ կոմունալ ծառայությունների օպերատորները, նոյեմբերի 17-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին օրինագծի քննարկման ժամանակ: Ըստ նրա՝ եթե պետությունը ցանկանում է փոխհատուցել գազի եւ էլեկտրականության սակագինն այդ համայնքներում, ապա թող այդ ծանրաբեռնվածությունը կիսեն «Հայաստանի էլեկտրական ցանցերը» եւ «Գազպրոմ Արմենիան»:
«Այդ ընկերությունները մեծ շրջանառություն ունեն եւ կարող են իրենց թույլ տալ սոցիալական պատասխանատվության կորպորատիվ ծրագրեր», - հավելել է նա: Պատգամավորը նշել է, որ նույն բանը կարելի է առաջարկել նաեւ Հայաստանի խոշորագույն բուհերին. Թող մասնակի փոխհատուցեն սահմանամերձ գյուղերի ուսանողների ուսման վարձը: «Կարծում եմ՝ դա մեծ ծախսեր չի պահանջի. Հասկանալի է, որ խոսքը առավելագույնը 30 ուսանողի կամ մոտավորապեսե այդքան մարդու մասին է», - նշել է Ֆարմանյանը:




























